Սասունցի Դավիթը
14 Էսպես երգով, Զոռով-զորքով Գոռ Կոզբադին մըտավ Սասուն. Օհան լըսեց՝ կապվեց լեզուն։ Աղ ու հացով, Լաց ու թացով Առաջն ելավ, Խընդիրք արավ. — Ինչ որ կուզես՝ առ, տա՛ր, ամա՛ն. Վարդ աղջիկներ, կանայք Սասման, Դառը դադած դեղին ոսկին, Միայն թե գըթա մեր խեղճ ազգին, Մի՛ կոտորիր, մի՛ տար մահու, Վերև՝ աստված, ներքևը՝ դու… Ասավ, բերավ շարան-շարան Վարդ աղջիկներ, կանայք Սասման։ Ու Կոզբադին կանգնեց, ջոկեց, Մարագն արավ, դուռը փակեց, Քառսուն կույս աղջիկ, սիրուն, արմաղան, Քառսուն կարճ կընիկ, որ երկանք աղան, Քառսուն էլ երկար, որ ուղտեր բառնան, Մըսրա Մելիքին ղարավաշ դառնան։ Դեզ-դեզ կիտեց դեղին ոսկին. Սև սուգ կալավ հայոց ազգին։ 15 Հե՜յ, ո՞ւր ես, Դավի՜թ, հայոց պահապան, Քարը պատըռվի-դո՛ւրս արի մեյդան։ Քանդած հոր վանքը որ շինեց նորից, Ցած իջավ Դավիթ Մարութա սարից, Ժանգոտած, անկոթ մի շեղբիկ գըտավ, Գընաց՝ պառավի շաղգամը մըտավ։ Պառավն էր. եկավ՝ անե՜ծք, աղաղա՜կ. — Վա՜յ, խելա՛ռ Դավիթ, շաղգամի տեղակ Դու կըրակ ուտես, ցավ ուտես, ասավ, Քու աչքն աշխարքում մենակ ի՞նձ տեսավ. Կորեկըս արիր գետնին հավասար, Էս էր մընացել ձըմեռվան...