Դասարանում պատասխանել հարցերին․
1․Հիդրան պատկանում է՝
ա) միաբջիջ կենդանիներին
բ) բազմաբջիջ կենդանիներին
գ) բույսերին
դ) սնկերին
2․Հիդրայի մարմինը ունի՝
ա) գլանաձև կառուցվածք
բ) տափակ կառուցվածք
գ) գնդաձև կառուցվածք
դ) օղակավոր կառուցվածք
3․Ո՞ր մասն է գտնվում հիդրայի մարմնի վերին հատվածում։
ա) կպչուն սկավառակ
բ) ներբջջային խոռոչ
գ) բերանային բացվածք և շոշափուկներ
դ) նյարդային հանգույց
4․Հիդրայի մարմինը կազմված է՝
ա) մեկ շերտից
բ) երկու շերտից
գ) երեք շերտից
դ) չորս շերտից
5․Ինչի՞ միջոցով է հիդրան որսում իր կերը։
ա) ատամներով
բ) շոշափուկների վրա գտնվող խայթող բջիջներով
գ) պոչով
դ) թարթիչներով
6․Անբարենպաստ պայմաններում հիդրան բազմանում է՝
ա) բողբոջմամբ
բ) բաժանումով
գ) սեռական ճանապարհով
դ) սպորներով
7․Բարենպաստ պայմաններում հիդրայի հիմնական բազմացման եղանակն է՝
ա) սեռական բազմացումը
բ) բողբոջումը
գ) մասնատումը
դ) բուսական բազմացումը
Աղեխորշավորների նյարդային համակարգը և բազմացումը
Նյարդային համակարգ
Միջավայրի հետ ակտիվ փոխազդեցությունը հանգեցրել է աղեխորշավորների մոտ առաջին անգամ նյարդային համակարգի ի հայտ գալուն: Այն ունի պարզ կառուցվածք, սակայն համարժեք է նյարդային համակարգի կառուցման սկզբունքին:
Նյարդային համակարգը բազմաբջիջ օրգանիզմներում կյանքի կազմավորման բարդացումը ապահովող կարևորագույն գործոն է:
Նյարդային համակարգը ապահովում է.
- բոլոր բջիջների մասնագիտացված և համակարգված փոխգործակցությունը որպես մեկ ամբողջական օրգանիզմ,
- օրգանիզմի ինքնակարգավորումը և գործառույթների և գործընթացների կառավարումը,
- արտաքին միջավայրի հետ օրգանիզմի բազմաբնույթ կապերի ապահովումը՝ հիմնված գրգռման և պատասխան ռեակցիայի վրա:
Աղեխորշավորների, ինչպես նաև բոլոր կենդանիների նյարդային բջիջն է նեյրոնը, որը ունակ է գրգռվել ազդակների ներգործությամբ և ազդակը փոխանցելով այլ բջիջների` առաջ բերել նրանց գործունեության դրդում:
Օրինակ
ստիպել, որպեսզի մաշկամկանային բջիջները կծկվեն և հիդրան շարժվի, կամ ստիպել խայթող բջիջներին գործարկվել և այլն:
Օրգանիզմի պատասխան ռեակցիան գրգռիչին, որը իրականանում է նյարդային համակարգի միջոցով, կոչվում է ռեֆլեքս:
Ռեֆլեքսը բազմաբջիջ կենդանիների կենսագործունեությունը ապահովող հիմնական աշխատանքային գործոնն է:
Նյարդային բջիջները աստղաձև են և ունեն ելուստներ, որոնց միջոցով միանում են իրար՝ կազմելով ցանցային նյարդային համակարգ: Այդ ցանցը ծածկում է կենդանու ամբողջ մարմինը և նյարդավորում է հիդրայի օրգանիզմի յուրաքանչյուր բջիջ: Նյարդային բջիջների քանակը հատկապես մեծ է բերանային անցքի շուրջ` շոշափուկներում և ներբանի վրա: Դա պայմանավորված է նրանով, որ դրանք արտաքին միջավայրին առնչվող հիմնական հատվածներն են:

Խայթող բջիջներ
Հիդրան գիշատիչ օրգանիզմ է, ուստի որս է կատարում, սակայն հիդրան ունի նաև պաշտպանության կարիք: Այդ պատճառով հիդրային բնորոշ են խայթող բջիջներ, որոնք էլ հանդիսանում են նրա «զինանոցը»: Խայթող բջիջների մեծ մասը կուտակված է շոշափուկների վրա, քանի որ նրանք անհրաժեշտ են որսի համար: Այս բջիջներն ունեն խայթող թել, որը գալարված է թույնով լի պատիճում: Խայթող բջջի վրա կա զգայուն մազիկ, որը գրգռվում է անհրաժեշտության դեպքում և ստացված գրգիռը ուղարկում է ցանցային նյարդային համակարգ: Նյարդային բջիջները վերլուծում են գրգիռը, մշակում են պատասխան և այն ազդակի տեսքով տալիս բջջին՝ ազատելու խայթող թելը:
Ազդակը ստանալուց հետո խայթող թելը դուրս է նետվում պատիճից և խրվում է զոհի մարմնի մեջ՝ ներարկելով թունավոր հեղուկը: Սա բերում է զոհի մահվան կամ անշարժացմանը, որից հետո շոշափուկները նրան մոտեցնում են բերանային անցքին և գցում մարսողական խոռոչ: Խայթող բջիջը նույնպես մահանում է, և նրա փոխարեն առաջանում է նոր բջիջ՝ մեզոգլեայում գտնվող բջիջներից:

Ռեգեներացիա
Նյարդային համակարգը անընդհատ վերահսկում է հիդրայի մարմնի ամբողջականությունը և անխափան աշխատանքը: Որևէ բջջի ոչնչացման կամ վնասման դեպքում այն հրաման է ուղարկում, որպեսզի մեզոգլեայում գտնվող միջանկյալ բջիջներից ձևավորվի համապատասխան բջիջ և լրացնի կորսված դաշտը:
Միջակա բջիջները կարող են զարգանալ, վերափոխվել՝ առաջացնելով հիդրայի մարմնի ցանկացած բջիջ: Նույնիսկ եթե հիդրային մասնատենք, նրա մասերը կվերականգնեն ամբողջականությունը միջակա բջիջների բազմացման և մասնագիտացման շնորհիվ:
Մարմնի վնասված մասերը վերականգնելու ունակությունը կոչվում է ռեգեներացիա:
Ռեգեներացիայի հատկությունը բնորոշ է գրեթե բոլոր կենդանի օրգանիզմներին և կյանքի բնորոշ հիմնական հատկություններից է:
Բազմացումը
Հիդրան բազմանում է և՛ անսեռ, և՛ սեռական եղանակով:
Բարենպաստ պայմաններում հիդրան բազմանում է անսեռ եղանակով՝ բողբոջմամբ:
Բողբոջումը անսեռ բազմացման տեսակ է, որը խիստ յուրահատուկ է դրոժավոր սնկերին և աղեխորշավորներին:
Բողբոջման ընթացքում հիդրայի մաշկամկանային պարկի արտաքին և ներքին շերտերը արտափքվում են՝ առաջացնելով բողբոջ: Այն մեծանում է և սկսում է զարգանալ. ազատ ծայրին առաջանում են բերանային անցքը և շոշափուկները: Վերջ ի վերջո ձևավորվում է ամբողջական, երիտասարդ հիդրա, որը պոկվում է մայրական օրգանիզմից և վարում ինքնուրույն կյանք: Հիդրայի վրա կարող է առաջանալ մի քանի բողբոջ միաժամանակ:
Անբարենպաստ պայմաններում, օրինակ՝ աշնանը հիդրան բազմանում է սեռական եղանակով: Հիդրայի միջակա բջիջներից են առաջանում նաև նրա արական և իգական սեռական բջիջները:
Նրա մարմնի վրա առաջանում են թմբիկներ, որոնցում հասունանում են սպերմատոզոիդներ կամ ձվաբջիջ:
Հիդրաները հերմաֆրոդիտ են, այսինքն՝ և՛ արական, և՛ իգական գամետները առաջանում են նույն կենդանու մոտ:
Ինքնաբեղմնավորումից խուսափելու համար արական և իգական գամետները միաժամանակ չեն հասունանում: Հասունացած սպերմատոզոիդները դուրս են գալիս ջրի մեջ և մտրակների օգնությամբ շարժվում դեպի մեկ այլ հիդրայի մարմինը, թափանցում նրա մեջ և միաձուլվում ձվաբջջին: Բեղմնավորված բջիջը պատվում է ամուր պատյանով և ընկնում ջրավազանի հատակին, իսկ մայրական օրգանիզմը աշնանը մահանում է: Գարնանը սաղմի զարգացումը շարունակվում է՝ բջիջները սկսում են արագ տրոհվել, որից հետո կազմավորում է երկշերտ օրգանիզմ, և երիտասարդ հիդրան դուրս է գալիս արտաքին միջավայր:
Комментарии
Отправить комментарий