Թաթոսն ու Մաթոսը
Թաթոսը և Մաթոսը հարևաններ էին։ Թաթոսը խելացի մարդ էր. լավ էր աշխատում, վար ու ցանք էր անում, այգի ու բոստան պահում և լավ ապրում էր։
Իսկ Մաթոսը մի քիչ պակաս էր Աստծո տված խելքից։ Չէր կարողանում իր գործերը կարգին անել, որպեսզի լավ ապրի։
Մի օր էլ մոտենում է հարևանին ու ասում․
— Տե՛ս, Թաթոս, դու էլ մի լուծ եզ ունես, ես էլ։ Քո ընտանիքն էլ իմի չափ է։ Ես լույսը չբացված՝ քնից վեր եմ կենում, գործ եմ անում, քեզանից էլ շատ։ Բա ի՞նչու է, որ դու լավ ես ապրում, իսկ ես՝ ոչ։
— Դա նրանից է,— պատասխանում է Թաթոսը,— որ դու ապրում ես կնոջդ խելքով։ Կնոջը երբեմն են լսում,— ասում է,— հազարից մեկ անգամ։ Եթե ուզում ես լավ ապրել, կնոջդ հետ խորհուրդ արա, լսիր ասածը, բայց հակառակն արա՝ դուք էլ լավ կապրեք։
Մաթոսի կինը նույնպես իր ամուսնու խելքից ուներ, սակայն, ի վերջո, կին էր՝ հազարից մեկ անգամ խելացի բան ասում էր։ Իսկ Մաթոսը, կնոջ ասածին ականջ չդնելով, միշտ հակառակն էր անում։
— Ահա հիմա արդեն իմ բախտն էլ կբացվի,— ասում էր Մաթոսը։
Մի ձմռան օր Մաթոսը բարձրանում է տանիք՝ ձյունը մաքրելու։ Մաքրելով հասնում է մի փտած գերանի։
— Այ մարդ,— ասում է կինը,— մի կողմ կանգնիր, հիմա կընկնես։
— Քո գործը չէ,— պատասխանում է Մաթոսը,— լռի։
Որքան կինը զգուշացնում էր, Մաթոսն այնքան ավելի հակառակն էր անում։
— Ջհանդամ գլուխդ,— ասում է կինը,— եթե մարդի չես լսում, ընկի վերևից, շան սատակ դարձիր։
Նրան թողնելով՝ կինը ներս է մտնում։ Ու դեռ ներս չի հասել, մի մեծ դրմփոց է լսում ու ձայն․
— Վա՜յ, մեռա՜, օգնեցե՜ք։
Դուրս է վազում, տեսնում է՝ Մաթոսը փտած գերանի հետ վայր է ընկել ու ոտքը կոտրել։
Դե հիմա էլ ինչ... Բժիշկ են կանչում, կապում են կոտրած ոտքը, Մաթոսին անկողին են գցում։ Թաթոսը գալիս է տեսակցության։
— Ի՞նչ է եղել, Մաթոս,— հարցնում է նա,— էդ ինչի՞ վիճակում ես։
— Մի խոսա, Թաթոս, ինչ եղել է՝ քո պատճառով է։ Դու ես մեղավոր։
— Ինչո՞ւ, այ մարդ։
— Դու չէ՞ որ ասացիր՝ կնոջդ մի լսիր։
— Աղա՛, քո տունը չքանդվի,— ծիծաղում է Թաթոսը,— ես քեզ ասացի՝ կնոջը հազարից մեկ անգամ պետք է լսել։
— Ասում ես էլի,— տնքում է Մաթոսը,— բայց ես հո գիտնական չեմ, ո՞նց իմանամ՝ էդ հազարից ո՞ր մեկն է, որ պետք է լսեմ։
Իսկապես, որ շատ բարդ է Մաթոսի գործը։
Եթե ձեր մեջ որևէ գիտուն մարդ գտնվի, թող սովորեցնի Մաթոսին։ Մարդը մեղք է։
— Տատի՛,— ասաց պիոներ թոռը,— մի հեքիաթ էլ ես գիտեմ։ Կհամապատասխանի՞, եթե մեծերի կողքին ես էլ ասեմ։
— Ասա, բալիկ ջան, քո հեքիաթն էլ քեզ սազական կլինի։
Եվ թոռը սկսեց։
Комментарии
Отправить комментарий