Սելիա Թաքսթեր:Փոքրիկ Պիկոլայի Ամանորի պատմությունը

Պիկոլան ապրում էր Իտալիայում, որտեղ նարինջներ են աճում, և արևը փայլում է ջերմ ու պայծառ:
Նա հայր չուներ, քույր ու եղբայր չուներ: Ապրում էր մայրիկի հետ հին քարե տանը: Նրանք շատ աղքատ էին, և մայրն ամեն օր ուրիշների հատակն ու հագուստն էր լվանում, որ գումար վաստակեր իր ու փոքրիկ աղջկա համար: Պիկոլան ամբողջ օրը մենակ էր և խաղում էր հին, մաշված տիկնիկով, որը մայրիկը մի օր գտել էր փողոցում:
Նրանց բակի քարե պատին մի փոքրիկ անցք կար, և Պիկոլան սիրում էր անցքի միջով դիտել հարևանի այգին: Այդպես նա տեսնում էր կանաչ խոտը, զգում ծաղիկների անուշ բույրը, լսում շատրվանի ձայնը: Այգում երբեք մարդ չէր լինում, քանի որ ծեր պարոնը, ով այգու տերն էր, չէր սիրում խոտ ու ծաղիկներ:
Աշնանային մի օր մայրիկն ասաց, որ պարոնը տունը վարձով է տվել ամերիկացի մի ընտանիքի: Դրանից հետո Պիկոլան երբեք միայնակ չէր լինում, որովհետև ամերիկացու երեխաները ողջ օրը խաղում էին այգում, երգում էին ու պարում: Նրանք Պիկոլային չէին նկատի, եթե մի օր նրանց կատվիկը չփախչեր պատի մոտ: Սկզբում նրանք մի քիչ վախեցան պատի անցքից տեսնելով Պիկոլայի սև աչքերը, բայց հաջորդ օրը Ռոուզը աղջիկներից ավագը, մոտեցավ պատին ու խոսեց նրա հետ: Դրանից հետո երեխաներն ամեն օր զրուցում էին Պիկոլայի հետ և հաճախ միրգ ու քաղցրավենիք տալիս անցքի միջով:
Երբ երեխաների հայրն իմացավ Պիկոլայի մասին, լայնացրեց պատի անցքը և Պիկոլային բակ հրավիրեց: Ի՜նչ երջանիկ էին նա և երեխաները: Պիկոլան իր լավագույն զգեստն էր հագել և փայտե կոշիկները: Տարօրինակ էր փայտե կոշիկ հագնելը, բայց Պիկոլայի մայրիկը այլ կոշիկ, անգամ գուլպա գնելու համար փող չուներ: Երեխաները շատ լավ օր անցկացրին:
Եկավ դեկտեմբերը: Մի օր երեխաները Պիկոլային հարցրրին, թե, իր կարծիքով, Ձմեռ պապը Ամանորին ինչ նվեր է իրեն բերելու:
-Ամանորի նվե՞ր,- հարցրեց Պիկոլան:-Իսկ դա ի՞նչ է:
Երեխաները զարմացան, իսկ Ռոուզը լրջորեն ասաց.
-Սիրելի Պիկոլա, չգիտե՞ս ինչ է Ամանորը:
Իհարկե, Պիկոլան գիտեր, թե դա ինչ է, բայց երբեք չէր լսել Ամանորի նվերների մասին:
Երեխաները ծիծաղեցին, և բոլորը միասին սկսեցին պատմել Ձմեռ պապի ու նվերների մասին: Պիկոլան էլ իր մայրիկին պատմեց: Մայրն ասաց, որ Ձմեռ պապը երևի չգիտի, որ իրենց տանը փոքրիկ աղջիկ կա, և չի գա: Բայց Պիկոլան համոզված էր, որ Ձմեռ պապիկը կհիշի իրեն, որովհետև ընկերները խոստացել էին իր անունից էլ նամակ ուղարկել:
Վերջապես Ամանորի նախօրեն եկավ: Պիկոլան ու մայրիկը ապուր ու հաց կերան, իսկ երբ քնելու ժամը հասավ, Պիկոլան հանկարծ հիշեց, որ երեխաները ասել էին, որ պետք է գուլպա կախի նվերի համար: Ինքն ու մայրը գուլպա չունեին: Խեղճ աղջիկը կանգնեց բուխարու մոտ, և աչքերից արցունքներ հոսեցին: Բայց շուտով հիշեց իր փայտե կոշիկների մասին: Դրանցից մեկը դրեց ծխնելույզի մոտ և մտածեց, որ Ձմեռ պապիկը գլխի կընկնի, թե ինչի համար է:
Արևը նոր էր դուրս եկել, երբ Պիկոլան արթնացավ և վազեց կոշիկի մոտ: Երբեք չեք կարող գուշակել, թե ինչ գտավ դրա մեջ:
-Մայրի~կ, մայրի~կ,- կանչեց նա,- տես, թե Ձմեռ պապիկն ինչ է բերել ինձ:
Մայրիկը նայեց կոշիկի մեջ:
-Պիկոլա,- զարմացած բացականչեց նա, -բարի Ձմեռ պապը քեզ ծիծեռնակ է նվիրել:
Երբ թռչնակին կոշիկից հանեցին, նա չփորձեց թռչել, ուղղակի սկսեց ցատկոտել սենյակում: Նրա թևերից մեկը մի քիչ վնասված էր, բայց մայրիկն այն զգուշորեն փաթաթեց:
Պիկոլան հպարտորեն տարավ իր նվերը երեխաներին ցույց տալու: Նրանք շատ նվերներ էին ստացել
` խոսող տիկնիկներ, պատկերազարդ գրքեր, խաղալիք գնացքներ ու դաշնամուր, բայց նրանց նվերներից և ոչ մեկը կենդանի չէր, ինչպես Պիկոլայի թռչնակը: Երեխաներն այնքա~ն երջանիկ էին, ինչքան Պիկոլան, իսկ Ռոուզը մեծ ծղոտե վանդակ գտավ և նվիրեց Պիկոլային: Ծիծեռնակն իրեն միանգամայն տանն էր զգում` պայծառ աչքերով նայելով երեխաներին: Ռոուզը նաև մի տուփ կոնֆետ էր պահել Պիկոլայի համար: Երբ նա ի վերջո տուն գնաց իր սիրելի թռչնակի հետ, ողջ Իտալիայում նրանից ավելի երջանիկ փոքրիկ աղջիկ չկար:

Комментарии

Популярные сообщения из этого блога

Առաջադրանք սեպտեմբերի 6-9

QR փազլ