ԵՐԿԻՐ ՆԱԻՐԻ

 Հայրենիքում իմ արնաներկ

 Հայրենիքում իմ արնաներկ
Գիշերն իջավ անլույս ու լուռ.
Այնտեղ, ուր կար այնքան սիրերգ
Եվ վարդի բույր, և սրտի հուր։
Ամեն մի միտք հիմա մի վերք,
Ամեն հայացք հատու մի սուր,
Արնոտ դիերն են համր ու մերկ
Նայում երկինք անզոր ու զուր։
Մի օր ինչ վառ ծաղկեց մոգված
Մեր նաիրյան սիրտը բեկված,
Հրով որքա՜ն խորհրդավոր,
Ահա որպես ծաղիկ թեքված
Մեր հին հոգին համր ու մոլոր,
Ա՜խ, և անզո՛ր և անարգվա՛ծ...

ՄԻ՞ԹԵ ՎԵՐՋԻՆ ՊՈԵՏՆ ԵՄ ԵՍ

          Մի՞թե վերջին պոետն եմ ես,
         Վերջին երգիչն իմ երկրի,
         Մա՞հն է արդյոք, թե նի՞նջը քեզ
         Պատել, պայծառ Նաիրի։
     
        Վտարանդի, երկրում աղոտ,
        Լուսեղ, քեզ եմ երազում,
       Եվ հնչում է, որպես աղոթք
       Արքայական քո լեզուն։
     
       Հնչում է միշտ խոր ու պայծառ,
      Եվ խոցում է, և այրում,
      Արդյոք բոցե վարդե՞րդ են վառ,
      Թե՞ վերքերն իմ հրահրուն։
     
      Ահով ահա կանչում եմ քեզ
      Ցոլա, ցնորք Նաիրի՛, —
     Մի՞թե վերջին պոետն եմ ես,
     Վերջին երգիչն իմ երկրի...

Քեզ կըմնա միշտ օտար

-Քեզ կըմնա միշտ օտար
Նաիրական իմ հոգին
Եվ թախիծն այս անդադար ,
Եվ տրտունջը հին։

Ոչ քարերը դարավոր,
Ոչ գրերն ավեր
Չեն պատմի քեզ վիշտը խոր
Եվ երկունքը մեր։

Ու զանգերն այն լալագին
Մեռնող իմ երկրում
Չեն հուզելու քո հոգին
Տխրությամբ անհուն։

Եվ խնջույքում, հրով հին
Երբ կարմիր խնդա,—
Չես զգա, որ մեր գինին
Մեր արյունն է դա...

Комментарии

Популярные сообщения из этого блога

Առաջադրանք սեպտեմբերի 6-9

QR CODE