Պարապմունք 16. Երկուշաբթի․ Հանրահաշիվ
Պարապմունք 16. Երկուշաբթի
Թեմա՝ «Պատահույթ և հավանականություն»
Եկեք պատկերացնենք մի իրավիճակ. դուք մետաղադրամ եք գցում վերև։ Ի՞նչ կարող է լինել։ Գետնին ընկներլիս կամ դուրս կգա «զինանշան», կամ՝ «թիվ»։ Մենք նախապես հաստատ չգիտենք, թե որը դուրս կգա ։ Հենց այսպիսի իրադարձությունները, որոնք կարող են լինել, բայց կարող են և չլինել, կոչվում են ՊԱՏԱՀՈՒՅԹՆԵՐ։
Պատահույթները լինում են երեք տեսակի.
Հավաստի պատահույթ – Այն դեպքն է, որը հաստատ կկատարվի։ Օրինակ՝ եթե դրսում անձրև է գալիս, ապա հաստատ է, որ գետինը կթրջվի։
Անհնար պատահույթ – Այն դեպքն է, որը երբեք չի կարող կատարվել։ Օրինակ՝ դուք սովորական զառ եք գցում և ուզում եք, որ 8 թիվը ընկնի։ Դա անհնար է, որովհետև զառի վրա միայն մինչև 6 թվերն են։
Պատահական պատահույթ – Այն դեպքն է, որը կարող է լինել, կարող է և չլինել։ Օրինակ՝ վաղը անձրև կգա։
Իսկ ի՞նչ է ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ։
Սա մի թիվ է, որը ցույց է տալիս, թե որքան մեծ է այդ պատահույթի կատարվելու շանսը։ Այն հաշվելու համար մենք օգտվում ենք մի շատ պարզ կանոնից.
Հավանականություն = (Մեզ ձեռնտու դեպքերի քանակ) / (Բոլոր հնարավոր դեպքերի քանակ)
Օրինակ՝ տոպրակի մեջ կա 2 կարմիր և 3 կապույտ գնդիկ։ Ընդամենը կա 5 գնդիկ։ Որքա՞ն է հավանականությունը, որ պատահական հանած գնդիկը կլինի կարմիր։ Մեզ ձեռնտու է 2 դեպք (կարմիրները), իսկ բոլոր դեպքերը 5-ն են։ Ուրեմն հավանականությունը կլինի 2/5։
Հիշե՛ք.
Հավաստի պատահույթի հավանականությունը 1 է (կամ 100%):
Անհնար պատահույթի հավանականությունը 0 է:
Պատահական պատահույթի հավանականությունը միշտ 0-ից 1-ի միջև է:
Տեսական հարցեր և խնդիրներ
Ի՞նչ է պատահույթը։
Ո՞ր պատահույթն է կոչվում հավաստի։ Բերեք օրինակ։
Ո՞ր պատահույթն է կոչվում անհնար։ Բերեք օրինակ։
Ո՞ր պատահույթն է կոչվում պատահական։ Բերեք օրինակ։
Ինչի՞ է հավասար անհնար պատահույթի հավանականությունը։
Ինչի՞ է հավասար հավաստի պատահույթի հավանականությունը։
Ինչպե՞ս ենք հաշվում պատահույթի հավանականությունը (գրեք բանաձևը)։
Կարո՞ղ է արդյոք հավանականությունը լինել 1-ից մեծ թիվ։
Տուփում կա 10 սպիտակ գնդիկ։ Որքա՞ն է հավանականությունը, որ այդ տուփից կհանեք սև գնդիկ։ Ինչպիսի՞ պատահույթ է սա։
Երկուշաբթի օրվա կհաջորդի երեքշաբթին։ Ինչպիսի՞ պատահույթ է սա։
Մետաղադրամը նետելիս որքա՞ն է հավանականությունը, որ դուրս կգա «թիվ» կողմը։
Զառը գցելիս որքա՞ն է հավանականությունը, որ կբացվի 4 թիվը։
Զառը գցելիս որքա՞ն է հավանականությունը, որ կբացվի զույգ թիվ (2, 4 կամ 6)։
Տուփում կա 5 կարմիր և 5 կապույտ մատիտ։ Պատահական հանում ենք մեկը։ Որքա՞ն է հավանականությունը, որ այն կապույտ կլինի։
Դասարանում կա 10 տղա և 15 աղջիկ։ Ուսուցիչը պատահական կանչում է մեկին։ Որքա՞ն է հավանականությունը, որ կկանչի տղայի։
Ափսեում կա 8 տանձ և 2 խնձոր։ Որքա՞ն է հավանականությունը, որ պատահական վերցրած միրգը կլինի խնձոր։
Ընտրեք որևէ միանիշ թիվ (0, 1, 2, ..., 9): Որքա՞ն է հավանականությունը, որ այն կլինի 5-ից մեծ։
Տուփում կան քարտեր 1-ից մինչև 10 թվերով։ Որքա՞ն է հավանականությունը, որ վերցրած քարտի վրայի թիվը կլինի 11:
Պայուսակում կա 4 կանաչ և 6 դեղին գնդակ։ Որքա՞ն է հավանականությունը, որ հանված գնդակը կանաչ չի լինի։
Զառը գցելիս որքա՞ն է հավանականությունը, որ կբացվի 7-ից փոքր բնական թիվ։
Կրկնողության վերաբերյալ
1. 4x - 7 = 13
2. 18 - 3x = 6
3. 2x + 15 = 5x - 3
4. 4(x + 5) = 28
5. 7(x - 2) = 3(x + 2)
Комментарии
Отправить комментарий